18 окт. 2012 г.

Վայոց ձոր. Խոստումնալից սկիզբ…


 Վայոց ձորի մարզում առանձնապես մարդկանց ուշադրության կենտրոնում չի եղել քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության չափը: Պատճառները, կարծում եմ, հայտնի են, քանի որ բոլոր մարզերն էլ ունեն նույն խնդիրները՝ կարծրատիպեր, մարդկանց մտածելակերպի միօրինակություն, բարքեր, ավանդույթներ և իհարկե նաև հոգեբանական պահ՝ անվստահություն ընտրական գործընթացների և սեփական հաղթանակի հանդեպ: Սկզբից, երբ բանավոր և հեռախոսով հարցումներ էինք կատարում մարզի տարբեր համայնքներում՝ գտնելու կանանց հնարավոր թեկնածուներ ավագանի առաջադրվելու նպատակով, կանայք նախ զարմանում էին, սակայն երբ լրջորեն բացատրվում էր իրենց դերը, առաջնորդ լինելու մեջ սեռի կարևոր չլինելը և հետագայում կնոջ գործոնի արդյունավետությունը, կարծես սառույցն սկսվում էր հալչել:
Առաջին հեթին հարկավոր է կանանց մոտ կոտրել կարծրատիպերը, որովհետև միայն նախապաշարումներից ազատագրված կինը կարող է իր իրավունքները պաշտպանել, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել և օգտակար գործ կատարել: Անշուշտ, մարզում գտնվեցին նման կանայք, որոնք ցանկացան ճեղքել տարիների փակուղին: Նրանք ոչ միայն համաձայնեցին, այլև ցուցաբերեցին քաղաքացիական հստակ դիրքորոշում: Այդ կանայք շատ լավատես ու լիահույս են կատարվելիք բարեփոխումների հանդեպ և պատրաստ են իրականացնել բազում նպատակներ՝ հանուն իրենց երեխաների լուսաշող ապագայի: Կանայք թե′ Սյունիքում, թե′ Վայոց ձորում շատ հետաքրքիր կարծիքներ են հնչեցրել համատեղ բուկլետներում: Ինչո±ւ են նրանք ցանկանում դառնալ ավագանի... տարբեր են ցանկությունները, մոտեցումները, բայց բոլորի նպատակը մեկն է՝ հանուն հայրենի երկրի, քաղաքի, գյուղի շենացման: Ու այդ ամենը՝ անմնացորդ նվիրումով, անշահախնդիր կեցվածքով: Մի բան բոլորի մոտ պարզ էր միանշանակ՝ հայ կինը վաղուց, շատ վաղուց է եղել փափկասուն, հիմա նա հերոսուհի է, առաջնորդ է, նա կառուցող է և պատրաստակամ, նա չի հոգնում, չի հիասթափվում, երբեք չի հուսահատվում, որովհետև պայքարի է դուրս եկել անտարբերության դեմ, անորոշության դեմ: Հետդարձի ճանապարհ այլևս չկա, ասպարեզ տվեք հայ կնոջը: Թող հաղթարշավ լինի ձեր ավագանի ընտրվելու գեղեցիկ փաստը, սիրելի վայոցձորուհիներ՝ Թամարա Ղազարյան, Գայանե Հարությունյան, Նունե Ավագյան, Լիանա Ավետիսյան, Տանյա Մարտիրոսյան: Ձեզ անսպառ եռանդ, մտքի բարձր թռիչք, լավի, ճշմարիտի արարման ճանապարհին մեծ ուժ և կորով:

Комментариев нет:

Отправить комментарий